Մատչելիության հղումներ

Նախաստորագրում՝ ստորագրման փոխարեն. Բաքվի նախապայմաններից մեկը կատարվեց, մյուսը պահպանվում է


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ Հայաստանն ու Ադրբեջանը երեկ Վաշինգտոնում միայն նախաստորագրեցին համաձայնագիրը, որի տեքստը, ըստ երկու երկրների արտաքին գերատեսչությունների, կհրապարակվի օգոստոսի 11-ին։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ։

Սպիտակ տան դահլիճում արդեն՝ եռակողմ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարում էր. - «Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած տեսակի կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Արդեն հաջորդող ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ նախաստորագրած խաղաղության համաձայնագրի մասին, հայտարարեց, որ սա մի շատ էական քայլ էր դեպի վերջնական ստորագրում ու վավերացում. - «Հռչակագրում հստակ գրված է, որ մենք փակում ենք թշնամանքի էջը»:

Խաղաղության գործարքի առանցքում «Թրամփի ճանապարհն է», որը կերաշխավորի անխոչընդոտ կապ Ադրբեջանի համար՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը ԱՄՆ-ին է տալիս 43 կիլոմետրանոց տարանցիկ ճանապարհի զարգացման իրավունք:

Փաշինյանը պնդեց՝ նախաստորագրված փաստաթուղթը վկայում է, որ կողմերի համար այն այլևս ընդունելի է և ըստ էության, անփոփոխելի. - «Եվ հիմա պիտի աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք»:

Բայց հենց նախաստորագրումից անմիջապես հետո Իլհամ Ալիևը դարձյալ իր գլխավոր նախապայմանից էր խոսում: Ընդ որում՝ Հայաստանում դեռ չի էլ ավարտել նոր Սահմանադրության տեքստի մշակումը, հանրաքվեի ժամկետների մասին էլ հստակություն չկա ու պարզ չէ՝ Հայաստանի քաղաքացիները կո՞ղմ, թե՝ դեմ կքվեարկի դրան, բայց Ադրբեջանի նախագահը արդեն իսկ վստահ էր, որ Հայաստանի Մայր օրենքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն, որից հետո արդեն խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի: Բաքուն տարածքային պահանջ է տեսնում սահմանադրությունում հիշատակվող Անկախության հռչակագրում:

«Որովհետև երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն դրանից։ Հետևաբար, ես կասկածներ չունեմ այս հարցում», - հավելել է Ադրբեջանի նախագահը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Երեկ կյանքի կոչվեց Ալիևի մյուս պահանջը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ դիմում հղեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի փակման վերաբերյալ։ Ալիևը 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր փորձում էր թոշակի ուղարկել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ այս միջազգային կառույցը. փաստացի գործընթացի սկիզբը դրվեց ԱՄՆ-ում, որը կառույցի երեք համանախագահ երկրներից մեկն է՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին: Հայկական կողմը մինչ այժմ պնդում էր, թե պատրաստ է Մինսկի խմբի լուծարմանը՝ բայց խաղաղության պայմանագրի զուգահեռ:

Երեկ արդեն Հայաստանի վարչապետը հայտարարում էր. - «Երբ որ հաստատված է խաղաղություն, Մինսկի խումբը կոֆլիկտի սիմվոն է... և նրա գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասին»:

Եթե կողմերի համար այս փաստաթուղթն այլևս անփոփոխելի է, ինչո՞ւ այն վերջնական չստորագրվեց։ Խորհդրարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Ալիևը դեռ պահանջներ ունի, որոնք Հայաստանը պետք է կատարի։

«Դա Սահմանադրության փոփոխությունն է, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը՝ այսպես կոչված արևմտյան Հայաստան: Չեմ զարմանա, որ Ադրբեջանը այլ պահանջներ ներկայացնի, օրինակ, առաջին հաղթական պատերազմի առանցքային դեմքերի հանձնումը Ադրբեջանին»,- ասում է Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ Ալիևն էլ հասկանում է՝ հաջորդ տարի ակնկալվող ընտրություններին ընդառաջ Փաշինյանին անհրաժեշտ է մի թուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։ Իսկ ի՞նչ ստացավ Ալիևն այդ բառի դիմաց. - «Ստացավ միջանցք, ձերբազատվեց Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից և որևէ բան Հայաստանը չստացավ»:

Փաշինյանը Վաշինգտոնում երկու ասուլիսների ժամանակ չանդրադարձավ Բաքվից հնչող պահանջներին։ Իսկ հարցերից մեկին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մինչև օրս շարունակում օկուպացրած պահել Հայաստանի ինքիշխան տարածնքերը, ե՞րբ դուրս կբերի Բաքուն իր զորքերը հայկական հողից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաթղթի նախաստորագրումով կողմերը նաև պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանութոյւնն ու տարածքային ամբողջականությունը, արձագանքեց. - «Պետք է տեղի ունենա սահմանազատում»:

«Եթե Ադրբեջանը ճանաչեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ապա այսօր առավոտյան կսկսեր դուրս բերել իր զավթիչ զորքերի ՀՀ տարածքից», - կարծում է Արթուր Խաչատրյանը:

Թե ինչի տակ ստորագրեցին երեկ Վաշինգոնում Հայաստան ու Ադրբեջանը, պարզ կդառնա 2 օրից, երբ նախաստորագրված համաձայնագրի տեքստը հրապարակվի: Մինչ այդ Վաշինգտոնում տեղի ունեցածը իշխանական դաշտում ներկայացնում են որպես «հաղթանակ», իսկ ընդդիմադիրներն այն որակում՝ «դիվանակագիտական ապտակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG