Մատչելիության հղումներ

Եվրոպական առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Կիևին


Եվրոպական առաջնորդները օգոստոսի 9-ին հաստատաամորեն վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Կիևը մերժել է ՌԴ-ին տարածքներ հանձնելու մասին ԱՄՆ-ի առաջարկները:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան «չի կարող որոշվել առանց ուկրաինացիների»։

«Մենք վստահ ենք, որ միայն այնպիսի մոտեցումը, որը համատեղում է ակտիվ դիվանագիտությունը, Ուկրաինային աջակցությունը և ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա՝ նրանց անօրինական պատերազմը դադարեցնելու համար, կարող է հաջողել», - ասված է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի առաջնորդների համատեղ հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ առաջնորդները համաձայնել են «ուժեղ և վստահելի անվտանգության երաշխիքների անհրաժեշտության» շուրջ, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային արդյունավետ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Ուկրաինան ունի ազատություն՝ իր սեփական ճակատագրի ընտրության հարցում», - ասված է հայտարարությունում, որի տակ ստորագրել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ողջունում են նախագահ Թրամփի ջանքերը՝ կանգնեցնելու Ուկրաինայում սպանությունները։

«Դիվանագիտությունը, համատեղված Ռուսաստանի նկատմամբ շարունակական ճնշման հետ, այն ճանապարհն է, որով մենք կկարողանանք հասնել արդար և կայուն խաղաղության։ Խաղաղության, որը կհարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», - նշել է նա։

Այս հայտարարությունները արվել են նախքան օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը, որը կլինի նրանց առաջին հանդիպումը Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ Հանդիպման նպատակը 41 ամիս տևող Ուկրաինայի պատերազմի լուծում գտնելն է։

XS
SM
MD
LG