Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան


Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին նախօրեին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին,:

Արաղչին, արձագանքելով Վաշինգտոնում կոնքված հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրին, նշել է, որ միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո: Նա շեշտել է, որ այնուամենայնիվ, ինչպես ԱԳՆ հայտարարության մեջ է ասված, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է:

Արաղչին նաև հայտնել էր, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված է զրույց նաև վարչապետ Փաշինյանի հետ:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Խորհրդարանական ընդդիմությունից, սակայն, պնդել էին, «այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG