Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Չինաստանը 90 օրով երկարացրել են մաքսատուրքերի «հրադադարը»


ԱՄՆ-ն ու Չինաստանը երկուշաբթի օրը ևս 90 օրով երկարացրել են մաքսատուրքերի վերաբերյալ «հրադադարի» ժամկետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում հայտարարել է, որ գործադիր հրաման է ստորագրել, որով ավելի բարձր մաքսատուրքերի կիրառումը կասեցվում է մինչև նոյեմբերի 10-ը։

Չինաստանի առևտրի նախարարությունը նույնպես երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է համանման քայլի մասին՝ ևս 90 օրով հետաձգելով ապրիլին ամերիկյան ընկերություններին իր ներդրումային և առևտրային սահմանափակումների ցուցակներում ավելացնելու գործընթացը։

Թրամփի հրամանում նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները ՉԺՀ-ի հետ՝ «կարգավորելու մեր տնտեսական հարաբերություններում առկա փոխադարձության պակասը և դրանից բխող ազգային ու տնտեսական անվտանգության խնդիրները»։

Նոր կարգադրությամբ կանխվում է, որ ԱՄՆ մաքսատուրքը չինական ապրանքների նկատմամբ բարձրանա մինչև 145 տոկոս, իսկ Չինաստանի մաքսատուրքը՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ մինչև 125 տոկոս։ Ներկայումս մաքսատուրքերը մնում են համապատասխանաբար 30 տոկոս և 10 տոկոս մակարդակներում։



XS
SM
MD
LG