Պաշտոնական Բաքուն վերստին հիշեցնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջի մասին և պնդում, որ միայն այդ նախապայմանը կյանքի կոչելուց հետո Ադրբեջանը Հայաստանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ NE Global պարբերականի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա գործողություններ, այսինքն՝ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար»,-ասել է Ամիրբեկովը:
Տնային աշխատանք, որը սպասում է կատարման։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ներկայում Ալիևի վարչակազմի քարոզչական խոսափողը համարվող Թոֆիգ Զուլֆուղարովը փակագծեր է բացում. սահմանադրական փոփոխություններ պահանջելով Բաքուն ցանկանում է, որպեսզի հայ հանրությունը հրապարակավ քվեարկի՝ ի՞նչ դիրքորոշում ունի՝ առճակատման շարունակությո՞ւն, «Միացում» քաղաքական նախագի՞ծ, թե՞ ընտրվում է նոր ճանապարհ: «Մենք կցանկանայինք համոզվել, որ հայ հանրությունը ևս կիսում է վարչապետ Փաշինյանի կարծիքը։ Մեզ հասանելի հեռուստատեսային հարցումներում մենք տեսնում ենք, որ հաճախ հնչում են ռևանշիստական գաղափարներ», - ասել է Զուլֆուղարովը:
Իսկ ի՞նչ ճակատագիր կունենան ադրբեջանական բանակի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքները, Բաքվի բանտերում պահվող տասնյակ ռազմագերիները, որոնց նկատմամբ այսպես կոչված դատավարությունն այս օրերին էլ շարունակվում է։ Այս հարցերի պատասխանները ոչ ադրբեջանցի պաշտոնյաները, ոչ էլ Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չեն հստակեցնում։
Մինչ այդ, Վաշինգտոնից Ալիևի վարչակազմը Բաքու է վերադարձել մի շարք պատմական ձեռքբերումներով. վերացվել է ամերիկյան ուղիղ օժանդակության ավելի քան երեսնամյա արգելքը, Ադրբեջանը հնարավորություն է ստացել Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ ստանալ իր անկլավ Նախիջևանի հետ, Փաշինյանի կառավարությունն իր համաձայնությունն է տվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու հարցով, որպեսզի Բաքուն փաստի՝ Արցախի հարց այլևս գոյություն չունի։
Դիվանագիտական հրաշք, որը հնարավոր եղավ բացառապես ԱՄՆ նախագահի շնորհիվ, հայտարարում է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։ Ամերիկյան Newsmax հեռուստաընկերության եթերում ադրբեջանցի դիվանագետը, հետևելով նախագահ Ալիևի օրինակին, իր հերթին է գովեստի խոսքեր շռայլել Թրամփի հասցեին՝ Սպիտակ տան հանդիպումը որակելով «պատմական պահ»:
Տևական ժամանակ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացում միջնորդական ջանքեր մերժած Ադրբեջանի իշխանությունը, որը պնդում էր բանակցությունների բացառապես երկկողմ ձևաչափը, այժմ հայտարարում է, թե միայն Թրամփի պես «վճռական և փորձառու առաջնորդի շնորհիվ հնարավոր եղավ ավարտին հասցնել գործընթացը»։ «Դա տեղի ունեցավ թիվ մեկ մայրաքաղաքում ՝ խաղաղարար նախագահ Թրամփի առաջնորդությամբ: Այժմ դռները, պատուհանները և սրտերը բաց են տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելու, ոչ միայն հարևաննների, այլև ամբողջ աշխարհի հետ ինտեգրվելու համար», - ասել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը։
Եվ մինչ ադրբեջանցի դիվանագետը թիվ մեկ մայրաքաղաքում ամերիկացի զրուցակցին Բաքվի խաղաղասիրական նպատակներից էր պատմում՝ հավաստիացնելով, թե Ադրբեջանն աշխարհի «ամենախաղաղասեր, բազմազգ ու կրոնական, էթնիկ հանդուրժողականությամբ աչքի ընկնող երկրներից է», ադրբեջանական պետական լրատվամիջոցները Հայաստանին սահմանակից Լաչինում ռազմական զորամաս կատարած այցն են լուսաբանում, պատմում զինվորների ռազմական պատրաստվածության, նրանց զինծառայության պայմանների մասին։ «Մեդիատուրը», ինչպես հաղորդվել է, կազմակերպել է երկրի ռազմական գերատեսչությունը։ Խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին զինված ադրբեջանցիների լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու նպատակները ադրբեջանական աղբյուրները չեն պարզաբանում: