Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց։
Աբրահամյանն այսօր առաջին անգամ կանգնեց քրեական դատարանի առաջ։ Նրա նկատմամբ հանրային քրական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց՝ տնային կալանք, իսկ հուլիսի վերջին արդեն տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։
Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը 2023 թվականից քննում է նաև Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործը: