Իսրայելի բանակը հայտարարում է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին, որով նախատեսված է վերահսկողության տակ վերցնել պաղեստինյան անկլավը։
Ռազմական նոր գործողությունների ճշգրիտ ժամանակացույցը վարչապետ Բենյամին Նեթանյահուի կաբինետը չի ներկայացրել, հստակ չէ՝ իսրայելական զորքերը երբ են պլանավորում ներխուժել Գազայի խոշորագույն քաղաք, որտեղ տասնյակ հազարավոր փախստականներ անկլավի այլ հատվածներից ժամանակավոր վրաններում են ապաստանած։
Գազայի իշխանությունները հայտարարում են, որ վերջին օրերին Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներն արդեն շեշտակի ինտենսիվացել են Զեյթուն և Սաբրա բնակելի թաղամասերում, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Իսրայելի նոր ռազմական պլանի հաստատման լուրը տարածվել է այն նույն ժամերին, երբ Գազան վերահսկող «Համաս» խմբավորումը հայտարարեց Կահիրե պատվիրակություն ուղարկելու մասին, որը եգիպտացի պաշտոնյաների հետ պետք է քննարկի ժամանակավոր զինադադարի շուրջ «նախնական բանակցությունների» հարցը։
Ավելի քան 22 ամիս տևած ծանր ռազմական գործողություններից հետո Գազայում պատերազմն ընդլայնելու Իսրայելի ծրագիրը միջազգային կոշտ արձագանք է հարուցել։ Մինչ այդ արդեն ՄԱԿ-ը ահազանգում էր անկլավում սովի մասին, քանի որ Իսրայելը կտրուկ կրճատել է թույլատրվող մարդասիրական օգնության մուտքը։