Մատչելիության հղումներ

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրի դրույթները Արցախի նախկին ՄԻՊ-ը և քաղաքագետը տարբեր կերպ են մեկնաբանում


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025թ.
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրում են խաղաղության համաձայնագիրը Վաշինգտոնում, 8-ը օգոստոսի, 2025թ.

«Հայ - ադրբեջանական նախաստորագրած համաձայնագրով Հայաստանի իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործությունները», - պնդում է Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ երեկ հրապարակված փաստաթղթից երկու հոդված առանձնացնելով։

15-րդ կետով՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է մինչև ստորագրման պահը առկա խնդիրներին վերաբերող բոլոր միջպետական հայցերի, գանգատների, բողոքների, առարկությունների, վարույթների և վեճերի հետկանչ, ապագայում էլ այդ ժամանակահատվածը իրավական վեճերի առարկա չեն դարձնի, եթե անգամ մի երրորդ կողմ նախաձեռնի:

Եվ 8-րդ կետը, որով Երևանն ու Բաքուն և՛ դատապարտում են, և՛ պարտավորվում պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ:

Արտակ Բեգլարյանը կարծում է՝ Ադրբեջանը ցանկանում է կանխել Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արդարադատության ձգտումը։

«Այս փաստաթղթի 8-րդ հոդվածի այդ ձևակերպումները ակնհայտորեն հատկապես ադրբեջանական կողմի նկրտումներն են սպասարկում՝ նպատակ ունենալով չակերտավոր խեղդել Արցախի ժողովրդի որևէ հիմնավոր պահանջ, արդար պահանջ՝ հայրենիք վերադառնալու, ադրբեջանական ցեղասպանական վերահսկողությունը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և իրացնելու: Բոլոր նմանատիպ գործողությունները Հայաստանի Հանրապետությունում ըստ ադրբեջանական կողմի պետք է բացառվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմենը:

Բեգլարյանը պատահական չի համարում նաև հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրում տեղ գտած՝ ներկայում և ապագայում վրեժխնդրության ցանկացած փորձ բացառելու մասին ձևակերպումը:

«Բայց ես վստահ ասում եմ, որ այս համաձայնագիրը և ՀՀ իշխանությունների ստանձնած այս խայտառակ պարտավորությունը որևէ կերպ չի կարող սահմանափակել մեր իրավունքները, չի կարող մեր ձայնը կտրել: Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում, հիմա էլ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Եթե սա համարվում է անջատողականություն, ապա, խնդրեմ, թող Հայաստանի Հանրապետության իշխանությունները համապատասխա գործիքակազմերը կիրառեն», - հայտարարեց Արտակ Բեգլարյանը:

Քաղաքագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Սուքիասյանն առանձնացրել է տարածքային պահանջներից հրաժարվելու ու անջատողականության դեմ պայքարի մասին երկու հոդվածները, կարծում է՝ դրանք Հայաստանին հնարավորություն կտան ադրբեջանական տարածքային նկրտումների դեմ պայքարել. -«Հայաստանը հետագայում կարող է կիրառել այս դրույթները՝ հակադարձելու «Արևմտյան Ադրբեջանի» շահարկումներին»։

Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է համարում Հայաստանի տարածքի մի զգալի մասը, խոսում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի, վերաինտեգրման մասին: Հայկական կողմը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը տարածքային նկրտում է համարում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG