Կառավարությունը որոշել է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է երթեւեկի 125 հազար դոլարանոց մեքենայով: Նախարարին սպասարկող ծառայողականը 2014 թվականի է, 350 հազար կիլոմետրը գերազանցել է ու այլևս անվտանգ ու հուսալի չէ՝ այսպես են հիմնավորել պաշտոնական փաստաթղթում:
«Էն մարդը, ով խոստանում էր պայքարել պադավատների դեմ, վերացնել պադավատապետությունը, հիմա իշխանություն ունենալուց, ամբողջական իշխանություն ունենալուց հետո գնում է երևի երկրի պատմության մեջ ամենաթանկ պադավատները», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Այդ երբվանի՞ց հեղափոխականների համար հուսալի և անվտանգ դարձան միայն շքեղ ու թանկարժեք մեքենաները, Կառավարության որոշմանն է արձագանքում դաշնակցական պատգամավորը: Նա հիշեցնում է իշխող կուսակցության անդամներից Արայիկ Հարությունյանի լուսանկարը մետրոյից, որ կրթության նախարարի պաշտոնում երթևեկության այդ տարբերակն էր նախընտրում. - «Չմոռանանք, որ նոր իշխանության եկած թիմը պրոպագանդում էր իրենց ժողովրդականությունը, և դրա շրջանակներում ցույց էին տալիս, թե ինչպես է, օրինակ, Արայիկ Հարությունյանը մետրոյով երթևեկում, որ իրենք ժողովրդի մասնիկն են: Հիմա ի՞նչ եղավ էդ պաշտոնյաների հետ, էդ մետրոյի ժետոնը արդեն 150 դրամանոց փոխարինվեց 125 հազար դոլարանոց պադավատո՞վ»:
Եթե ներքին գործերի նախարարի համար գնեին համեստ՝ 20-30 հազար դոլարանոց մեքենա, նրա աշխատանքի արդյունավետությունը դրանից կնվազե՞ր, շեշտում է Վարդանյանը: Թող քաղաքացիները տեսնեն՝ նախկինների բարքերը ամբիոններից թմբկահարող ու իրենց հեղափոխական համարող պաշտոնյաները դիմադրո՞ւմ են այդ գայթակղություններին, թե՞ կրկնօրինակում նրանց:
«Պետք չէ էստեղ սենսացիա փնտրել, սա հերթական անհրաժեշտ քայլն է, որը, բնականաբար, Կառավարությունը անում է». - իշխանական պատգամավոր Էմմա Պալյանին զարմացնում է ընդդիմադիրների, ինչպես ձևակերպեց, աղմուկ-աղաղակը:
Փաշինյանի թիմակիցը 48 միլիոն դրամով ծառայողական մեքենա գնելը չի համարում հարկատուների միջոցների վատնում կամ շռայլություն. - «Էնպես որ, էն աղմուկ-աղաղակը, որը միշտ բարձրանում է նմանատիպ որոշումներից հետո, ես անտեղի եմ համարում և համարում եմ, որ դրանք ունեն մեկ նպատակ՝ մեր հասարակությանը իրականությունից շեղելու»:
Կառավարության հիմնավորումը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորին համոզել է, ու դա էլ հիմք ընդունելով համեմատում է՝ նոր մեքենան բյուջեի համար ավելի քիչ ծախս է, քան հինը: Ներքին գործերի նախարարի համար նախատեսված նոր ամենագնացի գինը իշխանականի համար խնդիր չէ:
«Երբեմն, հավատացեք, նոր մեքենաներ գնելը ավելի ձեռնտու է, որովհետև էն հին և մաշված մեքենաները պահելը, խնամելը շատ ավելի թանկ կարժենա բյուջեի վրա, քան նոր մեքենան», - նշեց Պալյանը:
Խնդիրը նոր մեքենա գնելը չէ, այլ՝ դրա գինը: Նախկիններին քննադատող իշխանականները ինչո՞ւ գործնականում էլ օրինակ չեն ծառայում, իշխանականներին է դիմում ընդդիմադիր պատգամավորը: ՔՊ-ական պատգամավորը վստահ է՝ ոչինչ անհիմն ու անտեղի չէ:
«Ես չգիտեմ՝ կողքից մեր ընդդիմադիրները կամ իրենց քաղաքագետ հռչակած մարդիկ ինչպես կմեկնաբանեն, բայց դրանք բոլորովին անհիմն են: Նորից եմ կրկնում՝ մեր իշխանությունը էն իշխանությունն է, որը հարկատուների հաշվին, ինչպես Դուք եք նշում, որևէ դրամ, որևէ կոպեկ ավել և անհիմն չի ծախսում», - վստահեցրեց Էմմա Պալյանը:
Ներքին գործերի նախարարին ծառայողական թանկարժեք մեքենայով ապահովելու նախագիծը չզեկուցվողներից էր ու Կառավարության նիստում բաց չքննարկվեց: Թե 48 միլիոն դրամով ինչ մեքենա են գնելու, նախագծում չեն նշել: Ընդգծել են, թե շենք-շինությունների համար նախատեսված միջոցներից են գումարը հատկացնելու, ու հավելյալ ծախս չի լինի:
«Սա արդեն դարձել է գործելակերպ: Այո, կարելի էր շատ ավելի երևի էժան մեքենա գնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը:
Հոկտանյանը նաև թափանցիկության խնդիր է տեսնում: Հիմնավորման մեջ չկա բացատրություն՝ ինչո՞ւ 48 միլիոնանոց և ոչ թե ավելի պակաս արժեքով մեքենա:
«Ճիշտ կլիներ, որ բացատրվեր՝ ինչո՞ւ այդ գնի: Սա մի խնդիրն է, որը ես տեսնում եմ: Այո, եթե սա իսկապես համարվում է թանկ մեքենա, միանշանակ, այո, դա ստացվում է միջոցների վատնում», - ընդգծեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը:
Իսկ ինչպե՞ս են որոշել, որ շենք-շինությունների համար նախատեսված գումարը հարկատուների համար ավելի առաջնահերթ ծախս չէ, քան շքեղ ծառայողական մեքենան, շեշտում է հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն ու եզրահանգում՝ սա բյուջեի մսխում է. - «Շենքային պայմանների բարելավում՝ հենց այդքան գումար էր տրված, ու դա չի արվելու: Դա արդեն երևի կարելի է համարել բուջեի վատնում: Սա քաղքենիություն եմ ես համարում, ցուցամոլություն՝ «տեսեք ես ինչ մեքենա ունեմ»:
Պետական բյուջեի, հարկատուների միջոցների նկատմամբ նախկին ու ներկա պաշտոնյաների գործելաոճին տարիներով ծանոթ, ուսումնասիրող ու վերլուծող փորձագետը եզրակացնում է՝ իշխանությունը հեղափոխականներին արագ այլասերում է: Ու սա աշխարհով մեկ է:
«Երբ որ մարդիկ հեղափոխական, այսպես ասած, գաղափարներով գալիս են իշխանության, շատ արագ ընդունում են այն խաղի կանոնները, որի դեմ իրենք իբր թե պայքարում էին», - ընդգծեց Վարուժան Հոկտանյանը:
Բարձրաստիճան պաշտոնյայի նոր ու թանկարժեք ծառայողականը գուցե այսքան չքննարկվեր ու չքննադատվեր, եթե իրենց իշխանության տարիներին շարքային քաղաքացիների կյանքն էլ փոխվեր, բարելավվեր, ասում է Հոկտանյանը: Ի՞նչ իմաստ ու արժեք ունի պետական բյուջեի սուղ միջոցները ծախսել պաշտոնյաների շքեղ ծառայողականների համար: Եվրոպացի պաշտոնյաների համեստ մեքենաների մասին չե՞ն լսել, հարցնում է փորձագետը: