Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և տեղեկացրել նրան այս շաբաթ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված բանակցությունների մասին, հայտնում է Կրեմլը:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը՝ KCNA-ն, ավելի ուշ հաղորդել է երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին՝ առանց նշելու Պուտինի և Թրամփի միջև ուրբաթ օրը նախատեսված հանդիպման մասին։
KCNA-ն հայտնել է, որ Կիմը և Պուտինը քննարկել են երկրների հարաբերությունների զարգացումը՝ անցյալ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը «հաստատում է նրանց կամքը ապագայում համագործակցությունն ամրապնդելու համար»։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի օգնության համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի արևմուտքում գտնվող Կուրսկի շրջանը «ազատագրելու» և ԿԺԴՀ զինծառայողների կողմից ցուցաբերված «քաջության, հերոսության և անձնազոհության» համար։
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։