Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական է, կալանքը՝ վրեժխնդրություն. ամերիկացի փաստաբան   


Ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ուսումնասիրել է գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործն ու եզրահանգել՝ նա հետապնդվում է քաղաքական նկատառումներով:

«Որպես միջազգային փաստաբան՝ այն դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, որ Կարապետյանի գործը ակնհայտորեն քաղաքական գործ է: Նրա ազատազրկումը քաղաքական գործողություն էր, վրեժխնդիր քաղաքական գործողություն, որը որևէ տեղ չունի ժողովրդավարությունում», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջ ձերբակալությունն ու առանձնատան խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչել նաև Վերաքննիչ դատարանը:

Լրանում է գործարարի երկամսյա կալանքը, և Քննչականը միջնորդել է, որ ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվի: Հակակոռուպցիոն դատարանը վաղը սկսելու է միջնորդության քննությունը: Դատարանի մոտ կլինի նաև հեղինակավոր փաստաբանը, որի գլխավորած ընկերությունը կպաշտպանի գործարար Կարապետյանի շահերը: Ամստերդամը նիստին դեռ չի կարող մասնակցել, սպասում է Փաստաբանների պալատի համաձայնությանը:

«Թեպետ ես մտադիր եմ գնալ դատարան և ի համերաշխություն վստահորդիս հետ կանգնել այնտեղ՝ դատարանի մոտ», - նշեց նա:

Ռոբերտ Ամստերդամն աշխարհի տարբեր երկրներում միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվում, նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու շահերն է ներկայացրել: Հիմա էլ Երևանում է՝ նաև եկեղեցուն պաշտպանելու համար: Այսպես է ձևակերպել երևանյան այցը Ռոբերտ Ամստերդամը:

«Հազվադեպ եմ ես տեսել այն, ինչ տեսնում եմ հիմա Հայաստանում, նման բան տեղի չի ունենում, նման գործելակերպը չի կարող նորմալացվել, կաթողիկոսի ընդգրկմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են որևէ տեսակի քաղաքակիրթ հասարակությունում», - նշեց նա:

Սամվել Կարապետյանը իշխանության ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց: Ոստիկանները շրջափակեցին ու խուզարկեցին նրա տունը, մեկ օր անց էլ կալանավորվեց գործարարը: Հետո իշխանությունը նրա հայաստանյան ամենամեծ ակտիվը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ազգայնացնելու գործընթաց սկսեց: Կարապետյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները վկայում են, որ նա պետական լծակները գործադրելու է ընդդեմ գործարարի, ասում է հեղինակավոր փաստաբանը:

«Կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս փորձով իրենց վարքագիծը կարժանանա իրենց բոլոր տնտեսական, քաղաքական գործընկերների ուշադրությանը, կներկայացվի նրանց ուշադրությանը, և մենք՝ որպես ներպետական փաստաբաններ, նաև կհասցնենք միջազգային իրավական հարթակներին այս անընդունելի գործելակերպը, որը տեղի է ունենում Հայաստանում», - շեշտեց Ամստերդամը:

Գործարարի փաստաբանական թիմը կալանքի որոշումը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կալանավորելուց օրեր անց են դիմել: Դեռ զարգացումներ չկան:

Ամերկացի փաստաբանն էլ է այսօր հրավիրած ասուլիսում ընդգծել՝ միջազգային ատյանները հասանելի են, քայլեր կձեռնարկեն, բայց մինչև վաղվա նիստը մանրամասներ չի ցանկանում հրապարակել: Դատավորի որոշումից հետո կխոսեն այդ մասին, երբ պարզ կդառնա՝ միլիարդատեր Կարապետյանին կշարունակեն կալանքի տակ պահել, թե կազատեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG