Ռուսաստանի ՊՆ-ը հայտնում է 46 ԱԹՍ խոցելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 13-ի գիշերը վեց շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում խոցվել է 46 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ Վոլգոգրադի մարզում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հարձակումն անվանել է «զանգվածային»։ Նրա խոսքով՝ Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Օպոլչենսկայա փողոցում գտնվող 16-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Ոչ ոք չի տուժել, շենքի բնակիչները տարհանվել են:

Astra-ն գրում է, որ տեղի բնակիչները հայտնել են պայթյունների մասին Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում, որտեղ գտնվում է «ԼՈՒԿՕՅԼ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանը։

Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ-նա-Կուբանիում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը հայտնել է, որ զոհեր չկան, և հրդեհը արագ մարվել է։

Բրյանսկի մարզի Ունեչսկի շրջանի բնակիչները նույնպես հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին՝ պնդելով, որ հարձակման թիրախը կրկին Վիսոկոյե գյուղի Ունեչայի գծային արտադրական և դիսպետչերական կայանն է եղել։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ևս յոթ ԱԹՍ խոցվել է Ռոստովի, հինգը՝ Կրասնոդարի, երկուական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերի, Ղրիմի և Ազովի ծովի ջրերի ուղղությամբ։