Հայտնի ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը երեկ ուշ երեկոյան Երևան է ժամանել, ինչպես ինքն է հայտարարում, եկեղեցուն պաշտպանելու համար: 69-ամյա իրավաբանը հենց օդանավակայանում խոսեց իր այցի նպատակների մասին:
«Հայաստանում իմ հիմնական առաքելությունը եկեղեցուն, ապօրինի կալանավորված այդ տղամարդկանց, Քրիստոսի զավակներին պաշտպանելն է», - ասել է նա՝ շարունակելով,- «Երբ Սամվել Կարապետյանի նման հավատացյալ, իրենց երկիրն ու եկեղեցին սիրող մարդկանց բիզնեսները ռեյդերի ու հարձակումների են ենթարկվում, ուրեմն մի բան սխալ է»:
Ռոբերտ Ամստերդամը միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվել աշխարհի տարբեր կողմերում՝ Վենեսուելայից մինչև Կոնգո և Թաիլանդ. 2000-ականներին այն ժամանակ Ռուսաստանի ամենահարուստ մարդու՝ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու շահերն է ներկայացրել, վերջին տարիներին էլ Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն է պաշտպանում: Կիևը եկեղեցուն ռուսամետ քարոզչության մեջ է մեղադրում, անցած տարի եկեղեցու գործունեությունն արգելելուն միտված օրենք ընդունեցին, այս հուլիսին էլ նախագահ Զելենսկու հրամանագրով եկեղեցու առաջնորդ՝ Մետրոպոլիտ Օնուֆրին զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Պնդել էին՝ նա տասնամյակներ առաջ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել և այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին:
«Կառավարություններում գտնվող մարդիկ հաճախ փորձում են եկեղեցին քաղաքական նպատակների ծառայեցնել՝ որպես պաշտամունքի վայրի վերաբերվելու փոխարեն, ուստի սա ինձ համար շատ կարևոր աշխատանք և առաքելություն է», - նշել է նա:
Երեկ «Զվարթնոց»-ում փաստաբանը նաև Ուկրաինայում իր աշխատանքն է հիշատակել. «Ես պաշտպանում եմ եկեղեցին Ուկրաինայում, ցավոք, այսօր մի շարք երկրներ կան, որտեղ եկեղեցին հարձակման է ենթարկվում: Իմ կարծիքով՝ չկա ավելի սրբազան գործ, քան եկեղեցու և օրենքի գերակայության պաշտպանությունն է»:
Ռոբերտ Ամստերդամը իշխանություն-եկեղեցի հակամարտության կարգավորումը երկխոսության միջոցով է տեսնում:
«Ես այստեղ եմ հույսով, որ կկարողանանք երկխոսություն սկսել, հույսով, որ մեղադրանքները կկասեցվեն, ու եկեղեցին պաշտպանված կլինի: Եկեղեցին Հայաստանում առանցքային դեր ունի, ընդ որում ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների համար», - հայտարարել է նա:
Ի պատասխան լրագրողի հարցին՝ փաստաբանը հայտարարել է՝ իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներից չի անհանգստանում. «Ես շատ սովոր եմ կառավարությունների ճնշումներին, Ռուսաստանում ինձ ձերբակալել են, 7 երկրում իմ մուտքն արգելվել է: Մենք հասկանում ենք, որ ճնշումը հնարավոր է, սակայն ճնշումն արդյունք է տալիս այն դեպքում, երբ կա մեկը, որ ճկվում է, դրա տակ: Մենք չենք ճկվում»:
Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո, ինչից հետո իշխանությունը նաև նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու գործընթաց սկսեց: Տարբեր մեղադրանքներով ճաղերի հետևում են նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստյանյանն ու Միքայել Աջապահյանը:
Վարչապետ Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականն է պահանջում և առանց ժամկետ նշելու Էջմիածնում սպասվող հոգևոր հավաքի մասին է հայտարարել: Բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանականների հայտարարությունները Մայր աթոռը հակաեկեղեցական ու անօրինական արշավ է որակում, իսկ
հավաք անցկացնելու Փաշինյանի նախաձեռնությունը՝ հարձակում ու բռնություն հրահրելու փորձ: