Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փաշինյանը Պուտինին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելու քայլերի կարևորությունը: «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը», - նշված է հաղորդագրությունում:

Պուտինն, իր հերթին, խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման նախապատրաստման մասին: Հայաստանի վարչապետն, ըստ ռուսական կողմի, ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրեցին, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը