Սպիտակ տանը մեկնարկում է Հայաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը:
Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթի ստորագրում:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վերջինիս հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու:
Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել է՝ սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար:
«Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը», - նշել է նա:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախօրեին են ժամանել ԱՄՆ:
«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Սպիտակ տանը նախապատրաստական աշխատանքներ են՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ:
Քիչ առաջ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կստորագրեն ԱՄՆ միջնորդությամբ կնքված նախնական խաղաղության համաձայնագիր:
Փաստաթղթի նպատակն է, ըստ գործակալության, ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը առանձին համաձայնագրեր կստորագրի Հայաստանի, հետո՝ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ։
Ըստ Reuters-ի` համաձայնագիրը ԱՄՆ-ին կտա բացառիկ իրավունք Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։
«Առաջին հերթին պարզ չէ, թե ինչպես են այսօր ստորագրվելիք համաձայնագրերը լուծելու այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսին են ընդհանուր սահմանների սահմանազատումը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը», - Վաշինգտոնից հաղորդում է Reuters-ի թղթակիցը` հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաներն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ շրջանցել են Լեռնային Ղարաբաղի հարցը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տան մոտից՝ գրելով՝ «հիմա»:
Լուսանկարում ԱՄՆ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի դրոշներն են:
Սպիտակ տանը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
«Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև՝
Լուսանկարներ Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ հանդիպման մեկնարկին՝
Վաշինգտոնում գործող «Ազատություն հիմա» իրավապաշտպան խումբը կոչ է արել Թրամփի վարչակազմին օգտագործել Ալիևի հետ հանդիպման առիթը՝ «մարդու իրավունքների համատարած խախտումների» վերաբերյալ մտահոգությունները բարձրացնելու և երկրում պահվող մոտ 375 քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջելու համար։
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողք կողքի կանգնած միմյանց ձեռք էին սեղմում, հանդիպումը լուսաբանող լրագրողներից մեկը տեղից հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում քրիստոնյաների հալածանքները։ Ոչ ԱՄՆ նախագահը, ոչ էլ ՀՀ վարչապետը չարձագանքեցին հարցին։