Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այսօր Սպիտակ տանը ստորագրված Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ հռչակագիրը՝ հանդիպման արդյունքների մասին:
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին. ԱԳՆ
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
X-ի հարթակում նախարար Միրզոյանն իր գրառման մեջ նշել է. «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։
Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և Վաշինգտոնում արձանագրված հանձնառությունը այս առումով, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։
APA-ն, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ»։
«Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»
Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը, հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը:
«ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարևոր քայլ են՝ դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը», - նշում է Փարիզը, ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակեի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։
Իրանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, միաժամանակ մտահոգություն հայտնում արտաքին միջամտության վերաբերյալ, հատկապես՝ իր սահմանների մոտ:
«Անկասկած, Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ծառայում են տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։ Իրանը ողջունում է երկու երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետությունը մտահոգություն է հայտնում ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես իր ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը: