Մատչելիության հղումներ

Ապաշրջափակման բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում

Լրացված

Հայաստան - Դեպի Նախիջևան չգործող երկաթուղու Երասխ կայարանը, արխիվ
Հայաստան - Դեպի Նախիջևան չգործող երկաթուղու Երասխ կայարանը, արխիվ

Հայ - ադրբեջանական ապաշրջափակման շուրջ բազմաթիվ հարցեր շարունակում են անպատասխան մնալ: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը միայն կրկնեց այս օրերի իշխանության գլխավոր հավաստիացումը՝ ճանապարհների ապաշրջափակումը կլինի փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց թե ի՞նչ ենթակառուցվածքների մասին է խոսքը, նախարարն էլ ապագայի հարց համարեց:

«Էն ենթակառուցվածքները, որոնք կորոշվեն, որ պետք է անցնեն էդ ճանապարհով, դրանց զգալի մասը, բնականաբար, ներառյալ՝ երկաթուղին, առնչություն ունի մեր նախարարության համակարգման ոլորտների հետ: Դեռ այս պահին աշխատանքային քննարկումների փուլ ենք մտնելու, իսկ ժամկետների և կոնկրետ ենթակառուցվածքների տեսակին կանդադառնանք, երբ որ դրանց հետ կապված արդեն որոշակի հստակեցում ունենանք», - այսօր հայտարարեց Խուդաթյանը:

Ե՞րբ կապաշրջափակվեն ճանապարհները, այս պահին անգամ մոտավոր ժամկետ չի նշվել: Ընդդիմությունը մտահոգիչ է համարում հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ձևակերպումները, մասնավորապես՝ որ Ադրբեջանը Հայաստանից անխոչընդոտ ճանապարհ է ստանում, իսկ Հայաստանի դեպքում նույն ձևակերպումը չկա: Նշված է փոխադարձ առավելության մասին, բայց դա էլ հայտնի չէ՝ ինչ է ենթադրում:

«Պիտի ասեմ, որ էնտեղ ոչ մի մտահոգիչ հանգամանք չկա, առանձնակի շեշտված է տարածքային ամբողջականության, փոխադարձելիության և երկրի իրավազորության պահպանման հանգամանքը, ինչը առանցքային կարևորություն ունի էս հարցի և կոնֆլիկտի լուծման տեսանկյունից», - ասաց տարածքային կառավարման նախարարը:

Իր ստորագրությունը եռակողմ համաձայնության տակ դրած վարչապետը հավաստիացնում էր՝ պետական ինստիտուտները թե՛ մաքսային, թե՛ անձնագրային հսկողություն պետք է իրականացնեն, բայց զուգահեռ Երևանը խոսում է ընթացակարգերի պարզեցումների մասին:

Երևանն ու Վաշինգտոնը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Դրա դետալները անհայտ են, ԱՄՆ նախագահ Թրամփը միայն հայտարարել է «միջանցքը զարգացնելու» հայ-ամերիկյան բացառիկ գործընկերության մասին, որը 99 տարով է:

Հայաստանի տարածքը, որով կանցնի TRIPP-ը, ո՞վ է կառուցապատելու, ի՞նչ կարգավիճակով է տրվելու կառուցապատողին, ո՞ւմ՝ Ամերիկային, թե՞ հենց ճանապարհով հետաքրքրված ընկերություններին. հողը վարձակալությամբ տալու հեռանկարը վարչապետի խոսնակը բացառել էր, ինքը՝ Փաշինյանը, կառուցապատման իրավունքի մասին էր խոսել:

Ամերիկացի պաշտոնյաներն ավելի վաղ շեշտել էին, որ սա բարեգործական նախագիծ չէ, ինը ընկերություն, այդ թվում՝ երեք ամերիկյան, արդեն հետաքրքրված են դրանով: Ի վերջո, ճանապարհի շինարարության, ենթակառուցվածքների սպասարկումը արտապատվիրակելուն Երևանը դեմ չէր, բայց արդյո՞ք կառավարման լիազորությունները հայկական կողմի հետ կկիսի Վաշինգտոնը, թե՞ հնարավոր է օտարերկրյա ընկերություն կամ ընկերություններ:

«Առաջիկայում դրա հետ կապված ավելի մանրամասն աշխատանքային քարտեզ կներկայացնենք, էս պահին խնդրում եմ բավարարվել էն ինֆորմացիայով, որը արդեն փոխանցել է և՛ հանրապետության վարչապետի աշխատակազմը, և՛ Արտաքին գործերի նախարարությունը», - ասաց Դավիթ Խուդաթյանը:

Ի՞նչ ձևաչափով կորոշվեն հետագա անելիքները՝ արդյո՞ք հանձնաժողով կստեղծվի՝ երկկո՞ղմ՝ հայ-ամերիկյան, թե՞ եռակողմ՝ ադրբեջանական կողմի ներգրավմամբ. - «Խնդրում եմ աշխատանքային մանրամասներին սպասեք», - ասաց տարածքային կառավարման նախարարը:

Այդ ընթացքում Վաշինգտոնից հայտարարում են՝ Երևանի և Բաքվի համաձայնությունը կարևոր է ԱՄՆ-ի համար, այն, ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսի, բացահայտում է Կովկասի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտում և ստեղծում նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար։

«Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել։ Այս պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նրա համար։ Սա կարևոր է այս վարչակազմի համար։ Թեև շատերն են փորձել՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել երկու երկրները պատմական խաղաղության համաձայնության շուրջ», - հայտարարել է Պետդեպի խոսնակը:

Մինչ Միացյալ Նահանգները գոհ է, շատ փորձագետների գնահատմամբ Կովկասում իր դիրքերը զիջող Մոսկվան հայտարարում է՝ կուսումնասիրեն «Թրամփի ճանապարհի» մանրամասները: Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների 2020-22 թվականների պայմանավորվածությունները Մոսկվան ակտուալ է համարում, քանի որ, ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, կողմերից ոչ մեկը դրանից դուրս չի եկել: Որոշները ապաշրջափակման հարցին և Մոսկվայի դերին են վերաբերում: Եվ մի քանի օր է ռուսական կողմը հայտարարում է բոլոր ուղղություններով հայ - ադրբեջանական կարգավորմանն օժանդակելու պատրաստակամության մասին, ինչը թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն անարձագանք են թողել:

Մոսկվայից նաև ընդգծում են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Երևանը պաշտոնապես հայտարարել է, որ այս տարեսկզբից հայ - իրական սահմանային անցակետում վերահսկողություն միայն հայ սահմանապահներն են իրականացնում, թե Մոսկվան ինչ ներկայության մասին է խոսում, ռուս պաշտոնյան չի պարզաբանում:

«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է որ առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը։

Առանցքային պայմանավորվածությունն Իրանին սահմանակից Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին է վերաբերում, ու Թեհրանին, մասնավորապես, ամերիկյան ներկայության հարցն է անհանգստացնում, բացի այդ՝ արդյոք չեն կորցնի Հայաստանի հետ կապը:

Իրանի հետ բանակցությունների համար Հայաստանի փոխարտգործնախարարն է երեկ Թեհրան մեկնել, հինգ օրից Իսլամական Հանրապետության նախագահն անձամբ կգա Երևան:

Մինչ Մոսկվան ու Թեհրանը իրենց վերապահումներն են հնչեցնում, Սպիտակ տունը իր միջնորդությունն է շեշտում ու հայտարարում՝ աշխարհով մեկ լիդերները կոչ են անում նախագահ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Ինստագրամի էջում Պակիստանի կառավարության, Ռուանդայի արտգործնախարարի, Կամբոջայի, Գաբոնի, Իսրայելի ղեկավարների կողքին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների անուններն են՝ որպես այս նախաձեռնությունը պաշտպանողների:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG