Մինչ վարչապետ Փաշինյանը օրեր շարունակ Մոսկվային ու Թեհրանին փորձում է համոզել հայ - ադրբեջանական ապաշրջափակումից նաև նրանց օգուտը, ռուս և իրանցի պաշտոնյաներն իրար մեջ քննարկում են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդհանուր շահերի պաշտպանության անհրաժեշտությունից խոսում:
Տարածաշրջանային TRIPP նախագծում ամերիկյան հնարավոր ներգրավվածության մասին Թեհրանը բացահայտ է անհանգստություն հայտնում, Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարող Մոսկվան՝ հայտարարությունների տողատակում:
«Երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա երկաթուղով Պարսից ծոցից հասնել Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև: Եթե կենտրոնանանք համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, այլև՝ Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր օգուտներ», - հայտարարել է Հայաստանի վարչապետը Fox News-ին տված հարցազույցում:
Fox News-ը հենց Իրանին ու Ռուսաստանին առնչվող հատվածն է առանձնացրել Փաշինյանի հարցազրույցից, որն ամերիկյան լրատվամիջոցին Հայաստանի ղեկավարը տվել է օգոստոսի 9-ին՝ Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի ղեկավարների հետ հռչակագրի ստորագրման հաջորդ օրը:
Հայաստանի տարածքով, հռչակագրի ձևակերպումներով, Ադրբեջանը Նախիջևանին կկապվի անխոչընդոտ, Հայաստանը միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ կստանա:
«Թրամփի ուղի» անունը ստացած նախագիծը կյանքի կոչելու համար նույն այդ հռչակագրով Միացյալ Նահանգները Հայաստանի հետ կաշխատի: Ինչ ձևաչափով՝ դեռ հստակ չէ: Հայտնի է, որ Երևանն ու Վաշինգտոնը նաև Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման հայ-ամերիկյան գործընկերության հուշագիր են ստորագրել, այս պայմանավորվածության միայն վերնագիրն է հրապարակված, բոլոր դետալներն ու բուն հուշագիրը՝ ոչ:
Ռուսական կողմի հետ հետվաշինգտոնյան բանակցությունների մասին չի հայտարարվել: Պաշտոնապես միայն հայտնի դարձավ ղեկավարների՝ Փաշինյանի և Պուտինի, նաև՝ արտգործնախարարների հեռախոսազրույցների մասին: Իսկ ահա Թեհրան Երևանը նաև բանագնաց ուղարկեց: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թե՛ աշխարհիկ, թե՛ ամերիկյան ներկայության հեռանկարին առավել կոշտ արձագանքող հոգևոր թևի ներկայացուցիչներին է հանդիպել, պաշտոնական հաղորդագրությունից ակնհայտ է դառնում՝ փորձել փարատել հարևանների տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» համարող Իրանի մտահոգությունները:
Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը,- Թեհրանում, ըստ ԱԳՆ-ի, Երևանի այս ուղերձն է փոխանցել Կոստանյանը:
Իրանական IRNA-ին տված հարցազրույցում փոխարտգործնախարարը որոշ փակագծեր է բացել «Թրամփի ճանապարհի» մասին. - «Նախատեսվում է, որ այդ ընկերությունը կգրանցվի Հայաստանում, իսկ բաժնեմասերը կկիսվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Բայց սա չի նշանակում ամերիկյան անվտանգային ներկայություն տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ հենց սա է իրանական կողմի հիմնական անհանգստություններից մեկը, և իմ կարծիքով՝ այս հարցը լուծվել է»:
Իրանին անհանգստացնում է ամերիկյան ներկայության պայմաններում Հայաստանի հետ կապը չկորցնելը: Դիվանագետը վստահեցրել է՝ Հայաստանում շատ կարևոր են համարում Իրանի հետ սահմանը և բարձր են գնահատում Թեհրանի վերջին տարիների աջակցությունը այդ հարցում:
«Այս դիրքորոշումը նույնքան կարևոր է մեզ համար, որքան՝ Իրանի, և այն չի փոխվելու ոչ մի պարագայում: Մենք իրականան կողմին համապատասխան վստահեցումները տվել ենք», - հարցազրույցի ընթացքում ասել է փոխարտգործնախարարը, որը, ըստ Երևանի, Թեհրանում շեշտել է՝ տարածաշրջանի ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան եռակողմ հռչակագրի տառին և ոգուն:
Արտատարածաշրջանային երկրների ներկայությունից անկայունություն սպասող Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, թե Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն կստանա պատասխան: Իրանական աղբյուրների փոխանցմամբ, նա հայ դիվանագետի հետ հանդիպմանը և՛ ընդգծել է հայ - ադրբեջանական խաղաղության կարևորությունը, և՛ կրկնել, թե Իրանը չի կարող հանդուրժել իր անվտանգության դեմ որևէ քայլ։ «Տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշեն տարածաշրջանի երկրները», - հայտարարել է Իրանի նախկին արտգործնախարարը:
Ըստ օտարերկրացի լրագրողների, Թրամփի թիմը համարում է, որ նոր ճանապարհը մարտահրավեր կնետի տարածաշրջանում Մոսկվայի և Թեհրանի ազդեցությանը՝ ուղիղ կապ ապահովելով Հարավային Կովկասից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Եվ ահա ձեռք բերված հայ-ամերիկա-ադրբեջանական պայմանավորվածությունների շուրջ վերապահումներ ունեցող իրանցի և ռուս պաշտոնյաները քննարկումներ են սկսել, ինչպես ռուսաստանյան ՏԱՍՍ-ն է ձեւակերպել՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ռուսաստանի արտգործնախարարի՝ հայ - ադրբեջանական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը երեկ Թեհրանում հանդիպել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին: Նախարարը շեշտել է Կովկասում հարցերը տարածաշրջանի երկրների ուժերով, այդ թվում՝ 3+3 ձևաչափով կարգավորելու կարևորությունը: Սա Հարավային Կովկասի երկրների և տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի քննարկումների հարթակ է:
Թե՛ ռուսական, թե՛ իրանական պետական լրատվամիջոցները նշում են, որ նախարար Արաղչին ռուս պաշտոնյայի հետ զրույցում կարևորել է տարածաշրջանային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի միակարծությունը:
Իրանական պետական լրատվամիջոցը փոխանցում է Արաղչիի ձևակերպումը, թե երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն կա՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։
Մոսկվան էլ Վաշինգտոնից հետո իր միջնորդությամբ ձեռք բերված ապաշրջափակման հայ-ադրբեջանական համաձայնություններն է պարբերաբար հիշում, և որ Երևանն ու Բաքուն դրանցից դուրս չեն եկել: Շատ ուղիղ հայտարարում են՝ ապաշրջափակման որոշումները մշակելիս Երևանը չմոռանա՝ ինքը ԵԱՏՄ անդամ է: