Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նա Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
Նրանք քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական հարցեր։
Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: