ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների նախաստորագրված համաձայնագրի տեքստը: Այն բաղկացած է 17 հոդվածից:
Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հինգ ամիս անց՝ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում միայն նախաստորագրեցին համաձայնագիրը, որի ամբողջական տեքստն այդ օրը չէր հրապարակվել:
Ըստ համաձայնագրի՝ Երևանն ու Բաքուն ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը, ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից:
Երևանն ու Բաքուն պարտավորվում են ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց, վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարեխղճորեն բանակցություններ վարել համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չտեղակայել:
«Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց», - ասված է համաձայնագրում:
Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Համաձայնագիրն իրագործելու համար կստեղծվի երկկողմ հանձնաժողով:
«Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով: Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ», - ասված է հրապարակման մեջ:
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում երկու երկրները հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, «որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը:
Բուն խաղաղության պայմանագիրը բանակցվել է ավելի քանի երեք տարի, ամբողջությամբ համաձայնեցվել հինգ ամիս առաջ, երբ Երևանն ընդունեց երկու չհամաձայնեցված կետերի շուրջ Բաքվի՝ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ կողմի ուժեր չտեղակայելու առաջարկները:
Հայաստանում պայմանագիրը հրապարակելու պահանջ մշտապես ընդդիմությունն է ներկայացրել, սակայն իշխանությունից պատճառաբանել են՝ փաստաթղթի հրապարակման համար նաև Բաքվի համաձայնությունն է պետք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախաստորագրում՝ ստորագրման փոխարեն. Բաքվի նախապայմաններից մեկը կատարվեց, մյուսը պահպանվում է