Հաղորդուղիները գործելու են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների շրջանակում. Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, կառավարության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ այսօրվա հեռախոսազրույցում հավաստիացրել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյան-Փեզեշքիան զրույցը հաջորդում է Վաշինգտոնում՝ հայ-ամերիկա-ադրբեջանական հաղորդակցությունների բացման պայմանավորվածություններին, որի շուրջ զգուշավոր լավատեսության կողքին Իրանի պաշտոնական շրջանակներից նաև մտահոգություններ ու սպառնալիքներ են հնչում:

Կառավարության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետն Իրանի նախագահին վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն է ներկայացրել, Փաշինյանը կարծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։

«Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել Իսլամական Հանրապետության նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Իրանցի պաշտոնյաներն այս օրերին հայտարարում են, թե Իրանի շահերը չեն անտեսվել:

Նախօրեին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր՝ միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո: Բայց միևնույն ժամանակ հղում արել Արտգործնախարարության հայտարարությանը, թե ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա: Թեհրանին մտահոգում է, որ Ադրբեջանին տրամադրվող անխոչընդոտ ճանապարհի կառուցմանը նաև ամերիկյան ընկերություն կմասնակցի:

Այս օրերին ավելի կոշտ էր Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի արձագանքը. Ալի Աքբար Վելայաթին պնդել էր, թե «Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի», իսկ Թրամփի ուղին ոչ թե նրա սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար, սպառնացել էր իրանցի պաշտոնյան:

Միջազգային սահմանների անփոփոխելիության ջատագով Թեհրանը խորհրդակցությունների անհրաժեշտություն, այնուհանդերձ, դեռ տեսնում է:

Վաղը, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ, Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը: Հենց ամերիկյան բանակցությունների ընթացքում հայտարարվեց նաև Իրանի նախագահի այս ամիս Երևան նախատեսվող այցի մասին: