Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանը Փեզեշքիանին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։
Փաշինյանը Փեզեշքիանին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել Իրանի նախագահի՝ առաջիկայում Հայաստանի կատարելիք այցի կարևորությունը։
Վաղն էլ նախատեսվում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թեհրան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի ԹեհրանԻրանի նախագահը նախօրեին, անդրադառնալով հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրին, հայտարարել է, որ «սա այն միջանցքը չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է»: Նա շեշտել է, որ Իրանի պահանջները բավարարված են: Փեզեշքիանի խոսքով՝ միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս ճանապարհը պատրաստվում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերություններ։
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Խորհրդարանական ընդդիմությունից, սակայն, պնդել էին, «այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի արտգործնախարարն ու նախագահը՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրի մասին